Աղբիւր՝ www.yerkir.am

 

21-րդ դարում Ցեղասպանութիւն են իրականացնում եզդիների հանդէպ ու ամէն, ամէն օր եզդի է մեռնում` կին, տղամարդ, թէ երեխայ. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Եզդիների միութեան փոխնախագահ Խդըր Հաջոյեանն` անդրադառնալով վերջին օրերին Իրաքում հարիւրաւոր եզդիների սպանութեանը:

Հաջոյեանը տեղեկացրեց, որ Սինջար լեռան վրայ յայտնւած եզդիներն անելանելի վիճակում են` մինչ օրս ծարաւից տասնեակ երեխաներ են մահացել:

««Իսլամական պետութեան» զինեալները նրանց երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կամ ընդունել իսլամ, կամ էլ՝ մեռնել, իսկ իսլամ ոչ ոք չի ընդունի: Մենք կապի մէջ ենք, մշտապէս տեղեկացւած, թէ ինչ է կատարւում Իրաքի հիւսիսում. հիմա գլխաւոր խնդիրն այն է, որ գրոհայինները փակել են դէպի ջուր տանող ճանապարհը, որպէսզի լեռան վրայ գտնւող եզդիները սովամահ լինեն»,- ասաց Հաջոյեանը:

Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնն իր ուշադրութիւնը սեւեռի Իրաքի կողմը, որպէսզի հարցը լուծում ստանայ: Այս օրերին եզդիները բողոքի ակցիաներ են կազմակերպում Հայաստանում գտնւող տարբեր երկրների դեսպանատների առջեւ՝ միջազգային հարթակներում այդ խնդիրը բարձրաձայնելու հարցում օգնութիւն ակնկալելով:

«Ֆրանիսայի կառավարութիւնը որոշել է զէնք յատկացնել Իրաքում գտնւող քրդերին, որպէսզի պատերազմեն ընդդէմ այդ ահաբեկչական խմբաւորման: Այնտեղ կազմւել են եզդիական զօրաջոկատներ, որոնք ինքնապաշտպանական գործողութիւններ են իրականացնում: Մենք կուզեինք, որ Ֆրանսիան նաեւ հետամուտ լինէր, որպէսզի այդ զէնքերը ճիշտ տեղում եւ ճիշտ ձեռքերում յայտնւեն»,-ասաց Հաջոյեանը:

Նա նշեց նաեւ, թէ յոյս ունի, որ Հ.Հ.-ի կառավարութիւնը նոյնպէս հետամուտ կը լինի այս հարցը միջազգային ատեաններում բարձրացնելու համար: Հաջոյեանը նշեց նաեւ, որ իրեն Հ.Հ.-ի կառավարութիւնից տեղեկացրել են, որ որպէս մարդասիրական օգնութիւն եզդիների համար յատկացւած գումարն առաջիկայ օրերին արդէն կը փոխանցեն իրենց հասցէատէրերին: